Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի համաժողովին
2026 թվականի հոկտեմբերի 13-16-ը Իտալիայի Հանրապետության Ռագուզա քաղաքում անցկացվել է Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) կողմից կազմակերպված՝ «Անշարժ գույքի մոդելավորման նոր դարաշրջան․ արհեստական բանականությունից դեպի ինտելեկտ՝ դիմակայուն և թափանցիկ գույքային համակարգերի ուղղությամբ» (“The New Era of Real Estate Modeling: From AI to Intelligence - Towards Resilient and Transparent Property Systems”) խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը և կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի պետ Աննա Կարապետյանը։

Համաժողովում քննարկվել են անշարժ գույքի կառավարման և գնահատման, կադաստրի և հողային գրանցման համակարգերի արդիականացման, տարածական տվյալների ինտեգրման, ինչպես նաև արհեստական բանականության և տվյալահեն որոշումների կայացման ոլորտների զարգացման արդի միտումները։

Համաժողովի ընթացքում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել կոմիտեի կողմից պատրաստված «Կադաստրային և տարածական տվյալների ինտեգրումը՝ անշարժ գույքի գնահատման և տվյալահեն որոշումների կայացման գործընթացներում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրով զեկույցով:
Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության փորձը, անշարժ գույքի տեղեկատվական համակարգի, կադաստրային քարտեզների և ազգային գեոպորտալի փոխկապակցումը, գործարքային տվյալների տարածական վերլուծության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։

Համաժողովին մասնակցությունը հնարավորություն է տվել ծանոթանալու անշարժ գույքի գնահատման, կադաստրային համակարգերի և տարածական տվյալների կառավարման ոլորտներում միջազգային առաջավոր փորձին ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ներկայացնելու ՀՀ փորձը և ընդլայնելու միջազգային մասնագիտական համագործակցության ու փորձի փոխանակման հնարավորությունները։