Անշարժ գույքի հասցեավորման գործընթացը կպարզեցվի, կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա
ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 12-ի նիստում հավանություն ստացավ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով մանրամասները՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ տարածքում հասցեավորման համակարգի ներկա գործնական խնդիրներից և սույն նախագծով առաջարկվել են կառուցվածքային բարեփոխումների նոր մոտեցումներ և մեխանիզմներ։
Ըստ հասցեների տրամադրման գործող մեխանիզմի՝ քաղաքացին կամ իրավաբանական անձն անշարժ գույքի հասցե ստանալու նպատակով դիմում է ներկայացնում համայնք, այնուհետև նախնական հասցեի հայտը համայնքն ուղարկում է Կադաստրի կոմիտե՝ տվյալների բազաների հետ համեմատելու և ստուգելու նպատակով, Կոմիտեի դրական կարծիքի դեպքում միայն համայնքի ղեկավարը տվյալ հասցեի վերաբերյալ կայացնում է որոշում, վերջինս էլեկտրոնային համակարգ ներբեռնելուց հետո քաղաքացին տեղեկանում է հասցեի տրամադրման կայացված որոշման մասին, որից հետո միայն դիմում է Կոմիտե՝ հասցեի վերջնական գրանցման համար։
Նախագծով սահմանվում է, որ անշարժ գույքի նոր հասցեի տրամադրումը կամ հասցեի փոփոխությունը կարող է իրականացվել նաև առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման գործընթացի։ Հասցեն կհամարվի տրամադրված կամ փոփոխված այն պահից, երբ այն ներառվի հասցեների շտեմարանում։
Նոր հասցեի տրամադրման կամ փոփոխության մասին գույքի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձինք կծանուցվեն Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով։
Անձի դիմումի հիման վրա նրան կտրամադրվի նաև նոր գրանցման վկայական՝ հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել հասցեավորման գործընթացում առկա ավելորդ վարչարարությունը, շտկել գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները և ձևավորել միասնական, ամբողջական ու ստանդարտացված հասցեների տեղեկատվական բազա։
Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Սուրեն Թովմասյանի զեկույցը դիտեք հղումով.