Անշարժ գույքի վաճառք՝ առցանց, ցանկացած վայրից և առանց նոտարի
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026 թվականի հուլիսից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հասանելի է անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորությունը՝ առանց նոտարական վավերացման և որևէ վայր այցելելու անհրաժեշտության։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն առցանց կնքել պայմանագիրը, այլև ապահովում է դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն ինքնաշխատ եղանակով։
Ուրախությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին այս հնարավորությունն առաջին անգամ գործնականում կիրառվել է:
Կնքվել է անշարժ գույքի վաճառքի առաջին առցանց պայմանագիրը, իսկ դրանից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է ինքնաշխատ եղանակով։
Այսպիսով, անշարժ գույքի վաճառքի գործարքը՝ պայմանագրի կնքումից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցում, հնարավոր է իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից, առանց նոտարական գրասենյակ կամ Կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոն այցելելու։
Լուսանկարում՝ առաջին առցանց գործարքի արդյունքում գրանցված սեփականության իրավունքի վկայականը։