Շուշիի 14 կմ. ջրագիծը կառուցված է

15.12.2009
Շուշիի 14 կմ. ջրագիծը կառուցված է

Հայոց միակ պահպանված բերդաքաղաքը վերածնվում է: Շուրջ 4 ամսվա ինտենսիվ աշխատանքի շնորհիվ «Շուշի վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ վերականգնվել է քաղաքի ջրամատակարարման ենթակառուցվածքը: Վերջին անգամ Շուշի քաղաք ջուր էր հասցվել հեռավոր 1862 թվականին, փաստ, որն առավել ընդգծում է այս ծրագրի բացառիկությունը և կարևորությունը: Շուշիից 14 կմ հեռավորության վրա, ջրագծի հիմնական գլխամասում էլ տեղի է ունեցել բացման արարողությունը, որին մասնակցել է հայկական 2-րդ հանրապետության նախագահը, Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր:

Շուշիի բնակիչների աչքը ջուր էր կտրել: Պաշտոնյաների առջև քաղաքի բնակիչները սեղաններ էին բացել, իսկ ջրի գալուստը դհոլ զուռնայով նշանավորել: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս սրբազանն ավետարանով և սուրբ խաչով օրհնեց կենարար հեղուկը:

Ամռանը Շուշիում հայտնվեցին առաջին բանվորները: Բերդաքաղաք տեղափոխվեցին խողովակներ և 4 ամսվա ընթացքում կառուցվեց 14 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագիրը Շուշի վերածնունդ հիմնադրամին արժեցել է 180 միլիոն դրամ: Հիմա Շուշիի բնակիչները դժվարությամբ են հավատում, որ ծորակը պտտելուց հետո ջուր կհոսի:

Դեպի Շուշիի մայր ջրագիծ կհոսի Թադևոսի աղբյուրի ջուրը: Ջրամատակարարումը վերականգնելու գործը ստանձնել էր 3 տարի առաջ Երևանում հիմնադրված “Շուշի վերածնունդ” հիմնադրամը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքով, Շուշի ջուր բերելու գործում օժանդակել են նաև Արցախի կառավարությունն ու բարեգործները:

Ջրային պաշարների կորուստները կրճատելու նպատակով, գարնանը կնորոգվի Շուշիի ջրամատակարարման ներքին ցանցը, բայց արդեն այդ աշխատանքները կստանձնի Հայաստան համահայկական հիմնադրամը:

Բակո Սահակյանը «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով է պարգևատրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանին:

 

Նյութը տրամադրել է Գոհար Մանուկյանը

 

«Հայլուր»