Միջազգային կոնֆերանս` նվիրված հողերի միավորման հարցերին
2009 թվականի փետրվարի 9-11-ը Իսպանիայի Գալիցիա նահանգի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս` նվիրված հողերի միավորման հարցերին: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմից կոնֆերանսին ներկա էր Միջազգային համագործակցության և կադաստրային ծրագրերի իրականացման բաժնի պետ Նարեկ Գրիգորյանը: Կոնֆերանսը կազմակերպել էր Միացյալ ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գալիցիայի կառավարության գյուղատնտեսության նախարարության և Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի կողմից: Կոնֆերանսին մասնակցել են փորձագետներ աշխարհի ավելի քան քսան երկրներից: Քննարկվել են բազմաթիվ խնդիրներ` կապված կադաստրի, քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգերի, հողերի միավորման և մի շարք այլ բնագավառների հետ: