ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

19.01.2011
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Կոմիտեն 2010 թվականի ընթացքում ամբողջությամբ ապահովել է «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը: 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 173.983 գործարք, որոնց քանակը անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համաձայն 2009 թվականի համեմատ աճել է 12.6 տոկոսով: Մատուցվող ծառայությունների գծով 2010թ. նախատեսված 2.795,0 մլն դրամի դիմաց գանձվել է 3.264,3 մլն դրամ (աճը 16.8%): Եկամուտների և ծախսերի՝ ՀՀ պետական բյուջե փոխանցվող դրական տարբերությունը կազմել է 539,6 միլիոն դրամ: Բյուջետային հատկացումների հաշվին կոմիտեի ղեկավարությամբ իրականացվել է 8 ծրագրային աշխատանք, որից կարելի է առանձնացնել՝

  • Որպես գերակա խնդիր ճանաչված 2011-2013թթ. գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորման աշխատանքները, որի ընթացքում գնահատվեցին հանրապետության շուրջ 1.728.010 միավոր (574.730 հա) հողեր, այդ թվում՝ Երևան քաղաքում՝ 62.851 միավոր (8.592հա) հողեր և 950.574 միավոր շենքեր շինություններ, որից Երևան քաղաքում՝ 331.497 միավոր և դրանց վերաբերյալ թարմացված տվյալները սահմանված ժամկետում՝ սույն թվականի օգոստոսի 1-ին (հողի հարկի) և սեպտեմբերի 1-ին (գույքահարկի) հանձնվեցին ՀՀ համայնքներին: Նախորդ մասսայական գնահատության՝ 2007 թվականի հուլիսի մեկի համեմատությամբ, հողի հարկի բազան համալրվել է 62.624 միավորով (23.015հա), իսկ գույքահարկի բազան՝ 56.891 միավորով (շենք շինություններով):
  • 2010թ. ընթացքում նաև համապատասխան փոփոխություն կատարվեց «ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 155 որոշման մեջ, որը հնարավորություն ընձեռեց անշարժ գույքի կադաստրային տվյալների մասին տեղեկատվությունը պետական մարմիններին տրամադրել անվճար, որի արդյունքում վերացավ հետագա տարիներին տվյալ ծրագրի իրականացման համար բյուջետային հատկացումների անհրաժեշտությունը:

     Կադաստրի համակարգի ավտոմատացման բնագավառում առաջավոր մի շարք երկրների փորձի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է կադաստրի համակարգի բարեփոխումների հայեցակարգն ու իրականացվող աշխատանքների ժամանակացույցը, որի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2011թ. կիրականացվի համապատասխան նորմատիվ իրավական դաշտի, կադաստրային տվյալների միասնական բազայի, կառուցվածքային և այլ փոփոխությունների ձևավորումը: Բարեփոխումների արդյունքում կստեղծվի կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազա և կիրականացվի կոմիտեի կոորպորատիվ ցանցի տրամաբանական միացում այն բոլոր ցանցերին, որոնք օգտվում են և որոնց տվյալները անհրաժեշտ են անշարժ գույքի ռեեստրի վարման համար, կիրականացվի անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցում, նախ՝ Երևան քաղաքում, այնուհետև՝ մարզերում, կիրականացվի տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացում, կստեղծվեն նոր տիպի սպասարկման գրասենյակներ, կներդրվի անշարժ գույքի կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առցանց՝ կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով դիմումների ներկայացման, այդ թվում՝ նաև էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում, ինչպես նաև կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի նյութերի ինտերնետ համացանցի միջոցով՝ առցանց դիտարկման և փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներբեռնման համակարգի ներդրում: Այս ամենը միտված է կադաստրի համակարգի գործառույթների իրականացման առավել ավտոմատացման, թափանցիկության, քաղաքացի-գրանցման ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ կապի բացառման, վերահսկելիության և վերջին հաշվով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովմանը: