ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
24.09.2021
Կադաստրի կոմիտեում անցկացվեց մետատվյալների կատալոգի կառուցվածքի նախնական տարբերակի վերաբերյալ առաջին քննարկումը:
ՀՀ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը զուգահեռ օրեցօր ընդլայնվելու է հավաքագրվող և մշակվող տարածական տվյալների ծավալը։ Տվյալների պահպանման, թարմացման և մշակման գործընթացների արդյունավետ կառավարման համար հարկավոր է ունենալ մետատվյալների շտեմարան։ Այդ նպատակով Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է ստեղծել Ազգային երկրատարածական տվյալների մետատվյալների բանկ, որոնք կհրապարակվեն առցանց մետատվյալների շտեմարանում (կատալոգում)։
Այս ուղղությամբ իրականացվող տեխնիկական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Կատալոգի ստեղծման և մշակման համար հիմք են հանդիսանալու միջազգային ISO ստանդարտները: Մետատվյալները տվյալների հավաքածուներ են, որոնք թույլ են տալիս բնութագրել տարածական տվյալները (տվյալներ են տվյալների մասին), ինչպես նաև ճիշտ գնահատել ու օգտագործել դրանք տարբեր նպատակների համար: Մետատվյալները տալիս են տվյալների վերականգնման, արագ որոնման և պլանավորման հնարավորություն։ Երկրատարածական տվյալներ տրամադրող կառույցների տվյալների հավաքածուները չափերով կարող են հասնել տերաբայթերի, ուստի հարկավոր է օգտատերերին ուղորդել անհրաժեշտ տվյալները գտնելու համար:
Մետատվյալների կատալոգի միասնական վարողը հանդիսանալու է ՀՀ Կադաստրի կոմիտեն, իսկ յուրաքանչյուր պետական կառավարման մարմին ստանալու է «օգտագործողի» և «խմբագրողի» կարգավիճակ։ Մետատվյալների կատալոգում առանձնացված պետք է լինեն պարտադիր, ոչ պարտադիր և պայմանական մետատվյալները։
Շնորհիվ մետատվյալների շտեմարանի՝ օգտատերերը ապագայում կարող են հեշտությամբ գտնել անհրաժեշտ տարածական տվյալները, օգտվել տվյալների բազաներից, ծառայություններից, ծանոթանալ առկա սահմանափակումներին և այլն: