Արամ Կարախանյան՝ եկել եմ մեր պետությանը ծառայելու համար, և բոլոր որոշումներս դրանով են պայմանավորված լինելու. աշխատանքային խորհրդակցություն

05.11.2019
Արամ Կարախանյան՝ եկել եմ մեր պետությանը ծառայելու համար, և բոլոր որոշումներս դրանով են պայմանավորված լինելու. աշխատանքային խորհրդակցություն
Կարգապահական
 
«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, բավական լուրջ բեռ ենք վերցրել մեզ վրա, այս տեմպերով աշխատելով չենք հասցնի իրականացնել», - այսօրվա աշխատանքային խորհրդակցությանն ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը.
 
«Ես եկել եմ Կադաստր մեր պետությանը ծառայելու համար, և իմ բոլոր որոշումները դրանով են պայմանավորված լինելու»։
 
Կոմիտեի կենտրոնական ապարատից մինչև գրասենյակներ բոլոր ստորաբաժանումներում 9։15-ից հետո յուրաքանչյուր ուշացում արձանագրվելու է, և ամսվա ընթացքում երկրորդ ուշացման համար ծառայողական քննություն է նշանակվելու։ Կարախանյանն ավելացրեց, որ ոչ միայն ուշացող աշխատակիցն է պատճառի մասին բացատրություն գրելու, այլև նրա անմիջական ղեկավարը։ Իսկ հարգելի պատճառով միառժամանակ բացակայելու մասին պետք է տեղյակ պահել կա'մ իրեն, կա'մ գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին։
 
«Ուշանալ, չգալ, երբ ուզել՝ դուրս գալ, երբ ուզել՝ ներս գալ… չի' լինելու այդպես։ Չգիտեմ, թե ես ինչքան կմնամ այստեղ, բայց չեմ հանդուրժելու նման բաները», - ասաց ղեկավարի տեղակալը՝ բաժինների և վարչությունների պետերին զգուշացնելով, որ լինել իրենց տեղում և պատշաճ կատարել իրենց վրա դրված պարտականությունները։ Չի փոխվել նաև նախկինում տրված հանձնարարականը, որ ծառայողական մեքենաները պետք է մնան Կոմիտեում.
 
«Աշխատանքը վերջացավ՝ մեքենաները մնում են Կոմիտեում, առավոտյան աշխատանքն սկսվում է՝ ծառայողական մեքենաները շարժվում են անհրաժեշտ ուղղություններով»։
 
Իրավական
 
Կոմիտեի նոր կանոնադրության մշակված տարբերակի նախագիծն ուղարկվել է կառավարություն։ Կոմիտեի կառուցվածքից նախագծում դուրս է բերվել աուդիտի բաժինը, նրա գործառույթները կիրականացվեն գնումների ընթացակարգի շրջանակում։
 
«Այդպիսին է կառավարության որոշումների տրամաբանությունը։ Ինքներս էլ մեր զարգացման պլանում գրել ենք, որ ներքին աուդիտից պետք է հրաժարվել»։
 
Ազգային ժողովի՝ նոյեմբերի 11-ին սկսվող քառօրյա նիստում նախատեսված է անշարժ գույքի կադաստրային բազային արժեքին վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Արամ Կարախանյանը տրամաբանական համարեց, որ այն զեկուցի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը։ Վերջինս նախագծի մշակման ամենաակտիվ դերակատարներից է, սակայն եթե քննարկման օրը դեռևս ավարտված չլինի նրա արձակուրդային ժամկետը, հիմնական զեկուցողի այլ տարբերակ կընտրվի։ Խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում երեկ քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի նախագծով Կադաստրի նախատեսած ծախսերը.
 
«Քննարկումն անցավ սահուն, տարվա ընթացքում գուցե լինեն փոփոխություններ։ Քննարկման մանրամասները հրապարակվել են Կադաստրի կոմիտեի հարթակներում»։
 
Արամ Կարախանյանը հանձնարարեց Կադաստրի կոմիտեի անունից լուրերը և մյուս նյութերը Կոմիտեի հարթակներում տեղադրելուց առաջ ուղարկել իր հաստատմանը։
 
Խորհրդակցությանը նշվեց նաև, որ Կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, որին ժամանակավորապես պատվիրակվել են ղեկավարի պարտականությունները, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։