ԵՄ փորձագետների այցն ավարտվեց. նրանք կաջակցեն Կադաստրի արխիվների թվայնացմանը
24.10.2019
Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնեցին Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանց ուղեկցում էին Կոմիտեի միջազգային բաժնի աշխատակիցները։
Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղան միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, այցելեցին կառուցվող ապագա միասնական արխիվի շինհրապարակ։
Այցի առաջին իսկ օրը՝ տարեկան հերթական արձակուրդ մեկնելու նախօրեին, Կոմիտեում նրանց ընդունեց ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ներկայացնելով մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի, Ինտեգրված կադաստրի և միասնական արխիվի մանրամասները։ Հանդիպման սկզբում Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որպեսզի փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։