Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս հայտնեց՝ ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը

21.10.2019
Սարհատ Պետրոսյանը «Թայեքսի» հետ հաջող համագործակցության հույս հայտնեց՝ ով էլ լինի Կոմիտեի հաջորդ ղեկավարը
Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած փորձագետներ Պաուլա Դիժկստրային և Քրիստիան Լեմմենին Կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրեց մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի մանրամասները։ «Թվայնացման երրորդ փորձ» հասկացությունը, նկատեց Քրիստիան Լեմմենը, իր համար աննախադեպ է։ Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախորդ մասնակի փորձերը՝ տեղեկացնելով, որ այժմ համակարգն ամբողջովի'ն թվայնացնելու ծրագիրն է մեկնարկել։ Պատմեց տվյալների բազայում անձերի նույնականացման գործընթացի մասին։ Նշեց, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս կադաստրային բազմատեսակ գործարքներ իրականացնել առանց կնիքի, իսկ փաստաթղթերի շատ տեսակներ հասանելի և գործածելի դարձնել առցանց.
 
«Շուտով թղթային արխիվներն անցյալ կդառնան»։
 
Առաջին անգամ Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետներին հայաստանցի գործընկերը ներկայացրեց նաև Ինտերգված կադաստրի ստեղծման, ինչպես նաև Վանաձորում կադաստրի միասնական արխիվի ձևավորման ծրագրերը։ Բացատրեց մեխանիզմները, որոնցով միասնականացված արխիվները Կադաստրի ոչ միայն արդյունավետ աշխատանքին, այլև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման են հանգեցնելու։ Այս առաքելության ընթացքում եվրոպացի փորձագետները կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։ Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց:
 
Կադաստրի կոմիտեից նրանք ուղղվեցին Միասնական ստորաբաժանում, վաղը կլինեն նաև Լոռու ստորաբաժանումում։ Կոմիտեում այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը, փորձագետ Անուշ Ղազանչյանը, միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանը և ՀՀ կառավարությունից՝ Աստղիկ Հայրապետյանը։
 
Հանդիպման սկզբում Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որ փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։