Տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին

15.10.2019
Տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակին։ Կադաստրի կոմիտեի ղեկավարները բազմիցս ասել են, որ այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին, նաև նշել, որ օրենքի ընդունումից հետո մի շարք իրավական ակտերի ընդունմամբ բարձր արժեք ունեցող գույքի հարկը կարող է մի քանի անգամ բարձրանալ, իսկ ոչ թանկ գույքի դեպքում՝ բոլորովին չփոխվել։
«Կոպիտ ասած, կադաստրային գնահատման արդյունքում սրանով ունենալու ենք 3-5 անգամ աճ, բայց օգտվելու ենք մեր ունեցած բազմաթիվ բոլոր գործիքներից, որոնք մեղմում կամ ամբողջովին զրոյացնում են սոցիալապես խոցելի շերտերի գույքահարկի բեռը,- հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց հարցի հիմնական զեկուցող, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը,- այսինքն, առաջին ընթերցման խորհրդանշական հերոսը դարձած տատիկը, որը Երևանի Աբովյան փողոցում թանկ տուն ունի, բայց ապրում է բացառապես իր թոշակով, գույքահարկի բեռի փոփոխություն չի զգա»։
Պետրոսյանը հիշեցրեց, որ նախագծում անդրադարձ չկա դրույքաչափերին և չհարկվող շեմին։ Այնուամենայնիվ, երկրորդ ընթերցման տարբերակում որոշ բազային «թվեր» ամրագրվել են՝ նկատի ունենալով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկությունը։ Այսպես, դրանք վերաբերում են անշարժ գույքի հիմնական 2 տեսակների 1 քառ. մ մակերեսի բազային արժեքներն ու տարածագնահատման գոտիականության գործակիցներն օրենքում սահմանելուն. առաջին ընթերցման տարբերակում այդ ամենը թողնված էր Կառավարության որոշմանը։
Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2021 թ. հունվարի 1-ը։ Մինչ այդ Կառավարությունը պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:
«Դրանք Կառավարության որոշումներով կարգավորելու նպատակը ճկունությունն է, որը հնարավորություն է տալիս կառավարելու կամ նվազեցնելու շուկայում կտրուկ տատանումների պատճառով առաջացող ռիսկերը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։
Օրենքի ուժ ստանալուց առաջ, հարկ է, որ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է սեպտեմբերի 12-ին։
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի երկրորդ ընթերցման նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։