Գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրություն

Գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրություն

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը(այսուհետ՝Օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159023), որը տարածվում է  Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:

Օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող և որակավորման վկայականի գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմինը հանդիսանում է Կադաստրի կոմիտեն:

Օրենքով ներդրվել է հաշվառման ծրագիր (հոդված 8), ինչպես նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 20-ի (հրապարակվել է 2022 թվականի հունիսի 21-ին, ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին)  N 238-Ն հրամանով (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164499) սահմանվել է «Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը»: Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկություն՝ Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարի վերաբերյալ, որը պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերի աջ՝ ներքևի անկյունում (հոդված 13), այլապես որպես գնահատման հաշվետվություն չի կարող օգտագործվել: Օրենքով սահմանվել է գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը (հոդված 12), ինչպես նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 10-ի (հրապարակվել է 2022 թվականի հունիսի 14-ին, ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին) N 224-Ն հրամանով սահմանվել է «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը» (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164048): Օրենքով սահմանվել է նաև դրույթ, որով գնահատողի որակավորման վկայականի դադարեցման դեպքում պատասխանատվություն է կրում նաև գնահատման կազմակերպությունը, մասնավորապես. վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են, կազմակերպությունը լիազոր մարմնի որոշմամբ հանվում է հաշվառումից:

Օրենքով սահմանվել են Գնահատման կազմակերպության և գնահատողի իրավունքներն ու պարտականությունները (հոդված 16) և գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները (հոդված 18), մասնավորապես. գնահատման կազմակերպությունն աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ՝ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող, առնվազն մեկ գնահատողի հետ և պարտավոր է ապահովագրել իր գործունեությունը հնարավոր դրամական վնասներից, որոնք կարող են պատճառվել պատվիրատուներին կամ շահառուներին իրենց աշխատակից հանդիսացող գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Կազմակերպության գործունեության պարտադիր ապահովագրման տարեկան նվազագույն չափը յուրաքանչյուր գնահատողի համար կազմում է 150 միլիոն ՀՀ դրամ։

Օրենքով սահմանվել են նաև Գնահատման կազմակերպությանը և գնահատողին ներկայացվող սահմանափակումներ (հոդված 19):

Օրենքով փոփոխվել է վկայականի ժամկետը (տրվում է հինգ տարի ժամկետով) և սահմանվել է վկայականի գործողության դադարեցման նոր չափանիշներ (հոդված 22), մասնավորապես Օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտումները դասակարգվել են երկու տեսակի՝ արժեքի վրա ազդող և արժեքի վրա չազդող: Արժեքի վրա ազդող խախտումների դեպքում ցուցաբերվել է ավելի խիստ մոտեցումներ, քան արժեքի վրա չազդող խախտումների դեպքում:

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 872-Ն (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164312)  և 877-Ն (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164323) որոշումներով (հրապարակվել են 2022 թվականի հունիսի 17-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին) հաստատվել է «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը» և սահմանվել է «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը»: Վերոնշյալ որոշումներով հստակ սահմանվել են հանձնաժողովի նպատակները, խնդիրները, հանձնաժողովի ձևավորման կարգը, հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության իրականացման կարգը, դեպքերը և այլն:

Օրենքով ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը: Օրենքի 4-րդ գլխով սահմանվել են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության սկզբունքները, գործառույթները, իրավունքները և պարտականությունները։

Օրենքով սահմանվել են անցումային դրույթներ, ըստ որի գնահատողների գործող որակավորման վկայականները դադարում են Օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց, միաժամանակ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազոր մարմինն անցկացնում է առնվազն երեք որակավորման քննություն: Սույն մասով սահմանված որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա չի տարածվում Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը։

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշմամբ սահմանվել է գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165522): Որակավորման քննությունների հարցաշարը ներառում է նվազագույնը 1000 հարց` ընդգրկելով «Գնահատման գործունեության մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետությունում գույքի գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 872-Ն, «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 877-Ն որոշումները և սույն կարգը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կողմից կազմված մասնագիտական խնդիրներ: Անհատական հարցաշարը բաղկացած է լինելու 80 հարցից, որից 40-ը մասնագիտական օրենսդրությունից (գնահատվում է մեկ միավոր) և 40-ը` մասնագիտական խնդիրներ (30 խնդիր գնահատվում է երկու միավոր, տաս խնդիր՝ հինգ միավոր): Որակավորման քննության ժամանակ հայտատուներին տրվում է 180 րոպե: Հայտատուն համարվում է որակավորումն անցած՝ որակավորման քննության առաջադրանքից առնվազն 120 միավոր ստանալու դեպքում:

Օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման ստանդարտը, գնահատման գործունեության վերաբերյալ իրավական ակտերը մինչև սույն օրենքով նախատեսված գնահատման ստանդարտները և իրավական ակտերն ուժի մեջ մտնելը:

2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել և օգոստոսի 27-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»                    N 1355-Ն որոշումը (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=167982), որով սահմանվել են` Գնահատման ընդհանուր ստանդարտը (հավելված N 1), Անշարժ գույքի գնահատման ստանդարտը (հավելված N 2), Շարժական գույքի գնահատման ստանդարտը (հավելված N 3) և Գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները (հավելված N 4):