Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման (այսուհետ՝ Որակավորում) քննությունն անցկացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 10:00-ին, ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:
Հայտնում ենք, որ ելնելով հայտատուների քանակից Որակավորման քննությունը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածով հաստատված «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կծանուցվի նախապես:
«Գնահատման գործունեության» մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր։
Նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում Որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կարգի 14-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:
Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Կարգի 15-րդ կետի պահանջների համաձայն՝ Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`
-
1) գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով).
-
2) բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը.
-
3) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
-
4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.
-
5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283).
-
6) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցության վերաբերյալ ստացված համապատասխան հավաստագրի պատճենը:
Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա, Կադաստրի կոմիտեի քարտուղարություն (ք. Երևան, Արշակունյաց 7) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 14.11.2022թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:
Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում (www.cadastre.am), մասնավորապես՝ «Գնահատում» բաժնի «Գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրություն» ենթաբաժնում: