Հայտարարություն

Վերջնաժամկետ 07.04.2025
Կոդ

Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման (այսուհետ՝ Որակավորում) քննությունն անցկացվելու է 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը՝ 10:00-ին, ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

   Հայտնում ենք, որ ելնելով հայտատուների քանակից Որակավորման քննությունը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածով հաստատված «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կծանուցվի նախապես:

   «Գնահատման գործունեության» մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։

   Միաժամանակ հայտնում ենք, որ Կարգի 14-րդ կետի համաձայն՝ օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:

   Հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:

   Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`

  • գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով, սույն հայտարարությանը կից ձևին համապատասխան).

  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը.

  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.

  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով (3.000 ՀՀ դրամ,
    Հ/Հ 9 0000 5163283):

   Դիմումի ձևը տեղադրված է ստորև:

   Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am), անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ հասարակ գրավոր ձևով տրված կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրի հիման վրա, որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2025 թվականի մարտի 25-ից մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ:

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 07.04.2025թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

   Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում (www.cadastre.am), մասնավորապես՝ «Գնահատում» բաժնի «Որակավորման քննություններ» ենթաբաժնում:

   Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին:

Դիմում