Երկրատեղեկատվական համակարգ
Աշխարհատեղեկատվական համակարգի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական վիճակի, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ հավաստի և ամբողջական տեղեկատվություն ունենալն է:
Աշխարհատեղեկատվական համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնելու տարածական տվյալների ենթակառուցվածքի թվայնացման, բազայի ստեղծման, մոդելավորման, ինտեգրման, համակարգման ու կառավարման աշխատանքներ:
Համայնքների բազային աշխարհատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ 2005-2012 թվականներին աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:
2013 թվականին սկսվել և 2016 թվականին ավարտվել են Գյումրի քաղաքի վարչական շրջանի բազային աշխարհատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները:
2017 թվականին իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, իսկ 2018 թվականներին՝ Սևան և Սպիտակ քաղաքների բազային աշխարհատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
2019 թվականին կատարվել են Վաղարշապատ քաղաքի բազային աշխարհատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ստացված օրթոֆոտոհատակագծերի միջոցով։
Աշխատանքների հիմնական նպատակն աշխարհագրական օբյեկտների անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:
Ներկայումս ուսումնասիրվում է աշխարհատեղեկատվական համակարգերի վարման և տվյալների ստանդարտացման միջազգային փորձը, մշակվում է համակարգում բազային և թեմատիկ աշխարհատեղեկատվական, կադաստրային շերտերի ստեղծման, խմբագրման և դրանց ազգային գեոպորտալ մուտքագրման, ինչպես նաև աշխարհատեղեկատվական բազաների գնահատման, ստանդարտիզացիայի, մետատվյալների կատալոգների ստեղծման և թարմացման աշխատանքներ։ Համակարգվում է ոլորտային կադաստրների ինտեգրման, արդյունավետ փոխգործակցության աշխատանքները, և կազմակերպում է պետական մարմինների միջև երկրատարածական տվյալների փոխանակման գործընթացը։
Այս գործընթացով պայմանավորված՝ Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, Կադաստրի կոմիտեի և «LX Korea» ընկերության կողմից մշակվում են ՀՀ-ում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային ու թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները։
Միաժամանակ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվում է տարածական տվյալների մասին ՀՀ օրենքի նախագիծ, որը նպատակ ունի կարգավորելու ՀՀ-ում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանելու պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու կարգը։