Պատմություն

Պատմություն

Խորհրդային պլանային տնտեսության ժամանակաշրջանում Հայաստանում անշարժ գույքը լիարժեքորեն ընդգրկված չէր անշարժ գույքի շուկայում որպես գույքային շրջանառության օբյեկտ: Հողը հանդիսանում էր պետության բացառիկ սեփականությունը, և այն, դիտարկելով որպես արտադրության միջոց գյուղատնտեսության մեջ, տրամադրվում էր միայն օգտագործման իրավունքով: Չկար հողի նկատմամբ գույքային իրավունքների ճանաչման, ինչպես նաև շուկայական գնահատման անհրաժեշտություն: Շենքերի, շինությունների դեպքում առկա էր միայն քաղաքացիների սեփականությունը` անհատական բնակելի տների տեսքով, և որոշակի քանակություն` կոոպերատիվ և կոլեկտիվ այգեգործության ընկերությունների սեփականություն: Թե հողերի, թե շենքերի, շինությունների օգտագործողների և սեփականատերերի իրավունքների գրանցման համակարգ չկար, և իրականացվում էին միայն հաշվառման և գույքագրման աշխատանքներ:

   Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո հանրապետությունում սկսվեց հողի, բնակարանային ֆոնդի և տնտեսության մյուս ճյուղերի սեփականաշնորհման գործընթացը, առաջին անգամ օրենքով տրվեց (1996թ.) «անշարժ գույք» հասկացությունը` միավորելով հողը և նրա վրա ամրակայված գույքը մեկ գույքային միավորի մեջ: Սկսեց ձևավորվել անշարժ գույքի շուկան, անշարժ գույքի գնահատում, վերջինիս ստեղծումը կարևոր էր անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:

 Այս իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի N 234 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը՝ նրան վերապահելով անշարժ գույքի միասնական կադաստրի վարման լիազորված պետական մարմնի իրավասությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի թիվ 496 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի։ Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի իրավասությունը վերապահվեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, իսկ արդեն ՀՀ կառավարության 28.11.2002թ. թիվ 1930-Ն որոշմամբ ստեղծվեց «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը։

 

 Պետական գրանցման նոր համակարգի անցման կարևորագույն քայլերից մեկը հանդիսացավ հանրապետությունում իրականացված կադաստրային քարտեզագրումն ու դրա տվյալների հիման վրա քաղաքացիների համար անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումը, որը հնարավորություն տվեց հավաքագրել անշարժ գույքի միավորների որակական և քանակական, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ համեմատաբար ամբողջական և հավաստի տվյալներ:

Իրավունքների գրանցման իրականացումը խթանեց անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, քանի որ անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, որոնք նախկինում դուրս էին մնացել քաղաքացիաիրավական շրջանառությունից, բերվեցին իրավական, հետևաբար և` հարկման դաշտ:

2010 թվականից սկսած անշարժ գույքի կադաստրի վարման միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ուսումնասիրված երկրներում անշարժ գույքի կադաստրի համակարգերի առավելությունը դրանց վարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման չափազանց բարձր մակարդակն է, որի առումով Հայաստանը տվյալ ոլորտում դեռևս բավականին զիջում էր այդ երկրներին: Արդյունքում մշակվեց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման» հայեցակարգը, որի հիմնական նպատակն էր համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը և արդիական, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձևավորումը:

 

2011 թվականի ընթացքում համակարգում իրականացվեցին համալիր արմատական բարեփոխումներ, որոնք միտված էին համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Իրականացվեցին ինստիտուցիոնալ, համակարգի ավտոմատացմանն ուղղված և իրավական մեծածավալ բարեփոխումներ։

Արդյունքում ստեղծվեցին սպասարկման գրասենյակներ, մասնավորեցվեցին անշարժ գույքի չափագրման աշխատանքները, պարզեցվեցին իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը և օպտիմալացվեցին առկա ռեսուրսների օգտագործումը։

Համակարգի ավտոմատացմանն ուղղված բարեփոխումների շրջանակում ավտոմատացվեցին համակարգի ներքին գործառույթները և արտաքին օգտվողներին մատուցվող ծառայությունները։ Մասնավորապես ներդրվեց և 2012թ. հունվարից գործարկվեց անշարժ գույքի գրանցման և տեղեկատվության տրամադրման ավտոմատ ծրագիրը՝ ARPIS-ը։

Իրավական բարեփոխումների շրջանակում կոմիտեի կողմից մշակվեց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու կառավարության քննարկմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացվեց շուրջ 100 նորմատիվ իրավական ակտ, որից կարելի է առանձնահատուկ նշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նոր շարադրությամբ ներկայացնելը, որով օրենսդրական հիմնավորում տրվեց համակարգի բարեփոխումներին:

2012թ.-ից հետո ևս համակարգի զարգացմանը և առավել ավտոմատացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված՝ այդ թվում նաև կադաստրի համակարգի 2019-2023 թվականների  միջոցառումները ևս հիմնականում  համակարգի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու  ավտոմատացմանն են ուղղված։

ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N749-Լ որոշմամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը վերանվանվեց Կադաստրի կոմիտե (անշարժ գույքի պետական ռեգիստր)։

Կոմիտեն ղեկավարել են՝

1997-2009թթ․- Մանուկ Ռազմիկի Վարդանյանը,

2009-2014թթ․- Երվանդ Վազգենի Զախարյանը,

2014-2018թթ․- Մարտին Գրիգորի Սարգսյանը,

2018-2019թթ․- Սարհատ Վազրիկի Պետրոսյանը,

2019-ից մինչ օրս- Սուրեն Վլադիմիրի Թովմասյանը։