ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈՊՈՐՏԱԼ
Ամբողջական, համակարգված և հավաստի տարածական տվյալներ ունենալու և դրանք արդյունավետ կառավարելու խնդիրը հանրային կառավարման ոլորտում առկա մարտահրավերներից է, որոնց դիմագրավելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ ընդհանուր աշխարհագրական տեղեկատվական առցանց հարթակ:
2022 թվականի հուլիսի 29-ին գործարկվել է maparmenia.am հարթակը, որտեղ արտացոլված են ջրագրական և տրանսպորտային ցանցը, ռելիեֆը, կադաստրային քարտեզները, օրթոֆոտոհատակագծերը։ Այդ շերտերը հասանելի են հանրությանը առանց հարթակում գրանցվելու, և բացի քարտեզի դիտումից՝ օգտվողը կարող է նաև կատարել որևէ հողամասի վերաբերյալ նախնական աշխարհատարածական վերլուծություններ։ Օրինակ՝ չափել հողամասի հեռավորությունը մայրուղուց, տեսնել հողամասի տեղադիրքը, ռելիեֆի խտությունը և այլն։ Հարթակը անընդհատ արդիականացվում է. ավելանում են նոր շերտեր և տարատեսակ վերլուծությունների հնարավորություններ։ Այն ապահովում է նաև Բաց երկրատարածական տվյալների կոնսորցիումի (OGC) կողմից մշակված վեբ ծառայությունների ստանդարտները՝ WMS, WFS, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել տարածական տեղեկատվության օպերատիվ փոխանակում։
Հարթակի գործարկումը իմաստավորված չէր լինի, եթե չապահովվեր քարտեզագրական տվյալների պարբերական թարմացումը։
Առցանց մատուցվող ծառայությունների ընդլայնման և տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման ուղղությամբ կատարված առաջին քայլը կադաստրային քարտեզների տեղափոխումն է առցանց քարտեզագրական միջավայր։ Ներկայումս իրականացվում է կադաստրային քարտեզների խմբագրում նոր համակարգով։ Կանաչ գույնով նշված են օրթոֆոտոհատակագծերի հիման վրա ուղղված կադաստրային քարտեզներ ունեցող բնակավայրերը։
Այն բնակավայրերի կադաստրային քարտեզները, որոնց ընթացիկ վարումը իրականացվում է ինքնաշխատ եղանակով, թարմացվում են ինչպես maparmenia.am, այնպես էլ e-cadastre.am հարթակների միջոցով:Մուտքագրված կադաստրային քարտեզները նաև կապակցվում են Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգի տեքստային բազայի(ARPIS) հետ։
Հարթակում ներդրվել են տարատեսակ հաշվետվությունների արտածման հնարավորություններ։ Օրինակ՝ կադաստրային քարտեզում կատարված փոփոխությունների վերաբերյալ հաշվետվություն, քարտեզագրական տվյալների համեմատում գրանցման բազայի հետ, հողային հաշվեկշռի կազմում և այլն։
Այսպիսով՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվաքի ստեղծման ուղղությամբ Կադաստրի կոմիտեի կողմից վարվող քաղաքականությունը միտված է աշխարհագրական տեղեկատվական համակարգի մեկ միասնական բազայի ստեղծմանը, որը ենթադրում է տարբեր մարմինների և կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն և տվյալների փոխանակում։