ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԲԵԼԳԻԱ

26.06.2025
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԲԵԼԳԻԱ

Հունիսի 24-ից 25-ը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը և ղեկավարի օգնական Ռուզաննա Խաչատրյանը մասնակցում էին Բրյուսելում ընթացող ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի (UN-GGIM: Europe) 12-րդ լիագումար նստաշրջանին։

Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով փորձագետների կոմիտեն ստեղծվել է 2011 թվականի հուլիսի 27-ին՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ՝ ելնելով համաշխարհային երկրատարածական տեղեկատվության ոլորտում միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունից:

Կոմիտեի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների փորձագետները։

Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով ՄԱԿ-ի փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի լիագումար նստաշրջաններն անցկացվում են ամենամյա պարբերականությամբ:

Միջոցառման շրջանակում Կադաստրի կոմիտեի պատվիրակության անդամները ծանոթացել են Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի զեկույցին, նախորդ նստաշրջանի ընթացքում թարմացված աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքին, գրանցված արդյունքներին, մասնակցել կառույցի գործունեության հետագա ուղղությունների նախանշմանն առնչվող քննարկումներին։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հանդես է եկել միջոցառման օրակարգի «Վստահելի տվյալներ-երկրատարածական տվյալներ» թեմային առնչվող՝ «Հայաստանի ուղին դեպի Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորում» վերնագրով շնորհանդեսով։