Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մասնակցում է Արևելյան տնտեսական համաժողովին

06.09.2022

ՀՀ Կադաստրի կոմիտեն ՌԴ պետական ​​գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունից (Росреестр) ստացել է հրավեր՝ Ռուսաստանի Դաշնության  Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելու VII Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում «Տարածքի ուժը. տարածական տվյալները, որպես Հեռավոր Արևելքի զարգացման բանալի» թեմայով պանելային քննարկումներին, որը մեկնարկել է երեկ՝ սեպտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։

VII Արևելյան տնտեսական համաժողովը առանցքային միջազգային հարթակ է Ռուսաստանի և համաշխարհային ներդրումային հանրության միջև կապերի ստեղծման և ամրապնդման,  Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տնտեսական ներուժի ամբողջական փորձագիտական ​​գնահատման՝ ներկայացնելով իր ներդրումային հնարավորություններն ու բիզնես պայմանները զարգացման առաջնահերթ ոլորտներում։

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկումների ընթացքում նախատեսվում է քննարկել հողային ռեսուրսների և տարածական տվյալների կառավարման արդիական հարցերը՝ տարածքների կայուն սոցիալ - տնտեսական զարգացման նպատակով:

Պանելային քննարկման ժամանակ «Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման» թեմայով զեկույցով հանդես կգա ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: