Կայացավ ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նստաշրջանը

25.10.2022

Հայաստանը, որպես գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի նախագահող, հոկտեմբերի 24-ից 26-ը Երևանում հյուրընկալել է ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 44-րդ նստաշրջանի մասնակիցներին։

Հայաստան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղսզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։

Բացման արարողության սկզբում նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շնորհավորելով նստաշրջանի ներկաներին ԱՊՀ խորհրդի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով բովանդակային և կառուցողական քննարկումներ:

Հյուրերին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ բարձր գնահատելով ԱՊՀ խորհրդի շրջանակներում ակտիվ համագործակցության կարևորությունը և համատեղ ջանքերի ուղղումը ոլորտի հեռանկարային զարգացմանն ու առկա մարտահրավերների հաղթահարմանը։

Նստաշրջանի ընթացքում պատվիրակության ղեկավարները ներկայացրեցին 2021-2022 տարվա ընթացքում կատարած աշխատանքերը, ոլորտի ձեռքբերումներն ու նորարարությունները, իսկ աշխատանքային խմբի ղեկավարներն ամփոփեցին տարվա ընթացքում աշխատանքային խմբի ձևաչափով կայացած հանդիպումների արդյունքները։

Քննարկվեցին տարածական տվյալների ենթակառուցվածքի, ԱՊՀ գեոպորտալի ստեղծման հայեցակարգի և Միջպետական ծրագրի իրագործման հետ կապված հարցերը։

Նստաշրջանի աշխատանքները եզրափակվեցին ամփոփիչ փաստաթղթի՝ Արձանագրության ստորագրմամբ, որով սահմանվել են 2022-2023 տարվա գործունեության ուղղությունները։

ԱՊՀ մասնակից երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի հերթական 45-րդ նստաշրջանի նախահագահող երկիր ընտրվեց Բելառուսի Հանրապետությունը: