Մալթայում կայացավ Եվրոգեոգրաֆիքսի համաժողովը

21.03.2023

Մարտի 19-ից 22-ը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Գևորգ Սարդարյանը Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետտայում մասնակցում են Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության 2023 թվականի Գլխավոր համաժողովին:

Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության ամենամյա Գլխավոր ասամբլեան ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որին բարձրագույն մակարդակով մասնակցում են գեոդեզիայի ոլորտի Եվրոպական ամբողջ համայնքը՝ 46 երկրներից քարտեզագրման, կադաստրի և հողերի գրանցման մոտ 60 ազգային լիազոր մարմիններ:

Կադաստրի կոմիտեն Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության լիիրավ անդամ է: Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության առաքելությունն է աշխարհագրական տեղեկատվության հավաքագրման միջոցով զարգացնել եվրոպական տարածական տվյալների բազայի ենթակառուցվածքը` իր մեջ ներառելով տեղագրական, կադաստրային և հողերի վերաբերյալ տեղեկատվություն:

Գլխավոր համաժողովը կազմակերպության անդամ հանդիսացող երկրների համապատասխան լիազոր մարմինների ղեկավարների տարեկան հանդիպումն է:

Համաժողովը կարևորագույն հարթակ է ոլորտի նորարարություններին, դրանցով պայմանավորված փոփոխություններին ծանոթանալու, օտարերկրյա գործընկերների հետ նոր աշխատանքային կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար:

Գլխավոր համաժողովի հիմնական թեման է՝ «Ավելի փոքր Ազգային քարտեզագրման և կադաստրային գործակալությունների (NMCAs) առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները»: