Հայաստանյան պատվիրակությունը Ժնևում էր
2023 թվականի ապրիլի 4-5-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի (ՀԿԱԽ) 13-րդ նիստը։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը և կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային այս խմբի նիստերը կայանում են երկու տարին մեկ անգամ՝ հողային ռեսուրսների կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակելու և հիմնական ուղղությունները նախանշելու նպատակով։
Միջոցառման շրջանակներում կոմիտեի պատվիրակությունը մասնակցեց ԵՏՀ Հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի ղեկավարի, ղեկավարի երկու տեղակալների, ինչպես նաև բյուրոյի նոր անդամների ընտրությանը, Հողերի կառավարման հարցերով աշխատանքային խմբի (WPLA) աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքի վերստուգմանը, 2024-2025 թ. համար նախատեսված աշխանքային ծրագրի և 2025-2030 թվականների գործունեության բնագավառների շրջանակային նախագծի հաստատմանը:
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը նիստի շրջանակներում ներկայացրեց «Հողերի կառավարման քաղաքականությունը և վերջին բարեփոխումները» վերնագրով շնորհանդես։
Ի թիվս բազմաթիվ հարցերի, աշխատանքային խումբը անդրադարձավ նաև ՄԱԿ-ի անդամ-երկրների կառավարությունների առջև ծառացած գլոբալ, այդ թվում՝ էկոհամակարգերին և հողերի կառավարման անվտանգությանը առնչվող մարտահրավերներին:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս արագացված թվայնացնմանը, հողերի կառավարման ապագա դերակատարությանը, կայուն զարգացմանը և գույքային իրավունքների պաշտպանվածությանը վերաբերող հարցեր: