Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթանում է Միջազգային քարտեզագրական ասոցիացիայի 32-րդ միջազգային կոնֆերանսը
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Մարիամ Պետրոսյանը օգոստոսի 17-22-ը մասնակցում է Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող Միջազգային քարտեզագրական ասոցիացիայի 32-րդ միջազգային կոնֆերանսին։
Վանկուվերում ընթացող 32-րդ ICC-ն իրականացվում է «Քարտեզագրելով ապագան․ նորարարություն, ներառականություն և կայունություն» խորագրի ներքո, որտեղ քննարկվում են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը քարտեզագրության ոլորտում։
Այս նշանակալից ֆորումը համարվում է քարտեզագրության և տարածական տվյալների ոլորտի առավել հեղինակավոր միջազգային հարթակներից մեկը, որը կազմակերպվում է երկամյա պարբերականությամբ՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և քաղաքականություն մշակողներին։
Օգոստոսի 19-ին Մարիամ Պետրոսյանը ներկայացրել է «Հայաստանում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմքի ստեղծում․ ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները» խորագրով զեկույցը։
Կոնֆերանսի գիտական հանձնաժողովը բարձր է գնահատել կատարված աշխատանքը։ Առաջիկայում այն կտպագրվի ICA պաշտոնական պարբերականում։ Սա էական նվաճում է, որը վկայում է հետազոտության գիտական արժեքի մասին և միջազգային ճանաչում է ապահովում Հայաստանում իրականացվող աշխատանքների համար։
Գնահատելով Մարիամ Պետրոսյանի գիտական նվիրումը և աջակցելով մասնագիտական ուղու զարգացմանը քարտեզագրության և աշխարհագրական գիտությունների ոլորտում՝ Միջազգային քարտեզագրական ասոցիացիայի ղեկավարությունը վերջինիս շնորհել է կազմակերպության հեղինակավոր կրթաթոշակը։
Կադաստրի կոմիտեն շարունակում է իրականացնել աշխատանքներ Հայաստանի ազգային տարածական տվյալների համակարգի զարգացման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային առաջատար փորձի և չափորոշիչների վրա։