Ներդրվել են նոր գործիքներ e-cadastre.am էլեկտրոնային հարթակում
Տեղեկացնում ենք, որ այսուհետ https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում անձնական գրասենյակը հասանելի է ոչ միայն ֆիզիկական անձանց: Կայքում կարող են գրանցվել, անձնական գրասենյակ վարել և օգտվել գործիքակազմից նաև իրավաբանական անձինք:
Գրանցվելով կայքում՝ իրավաբանական անձի տնօրենը հնարավորություն է ստանում տեսնելու իրեն պատկանող գույքերի ցանկը, ներկայացնել դիմումներ, ստանալ տեղեկատվություն ինքնաշխատ եղանակով:
Իրավաբանական անձի տնօրենը հնարավորություն ունի իր անունից լիազորել այլ օգտատիրոջ, ով կարող է, ըստ տրամադրված լիազորությունների, օգտվել վերը նշված ողջ գործիքակազմից:
Վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում անշարժ գույքի վաճառքի պայմանագրերը կնքել առցանց՝ առանց Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ այցելելու։
Պայմանագրերը կարող են կնքվել Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով և հավաստվել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Նախատեսվում է նաև այդ պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցում։
Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ իրացնելով գործարք կնքելու իրենց իրավունքը։