ԿԱՅԱՑԱՎ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

20.08.2026

Օգոստոսի 19-ին Կադաստրի կոմիտեում կայացավ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական՝ չորրորդ նիստը, որն այս անգամ վարում էր կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:

Քննարկվեցին և ամփոփվեցին նախորդ նիստի ընթացքում բարձրաձայնված և նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

Խորհրդի անդամներին ներկայացվեց գնահատման ոլորտի զարգացման ծրագրի մշակման և դրա շրջանակներում աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, կազմակերպված հանդիպումների արդյունքները:

Ամփոփեցին առաջարկությունները և նախանշվեցին ոլորտի զարգացման ծրագրի մշակմանը միտված աշխատանքները։

Նիստի ընթացքում քննարկվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացվեցին հասարակական խորհրդի անդամների մասնագիտական դիրքորոշումները, առաջարկություններն ու դիտողությունները օրենսդրական փաթեթում ներառված դրույթների վերաբերյալ։

Նիստի օրակարգում ներառված հաջորդ հարցը վերաբերում էր կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների առնչությամբ խորհրդի անդամների բարձրաձայնած հարցերին:

Քննարկվեցին կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի ուղղման վերաբերյալ օրենսդրորեն ամրագրված նոր կարգավորումները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների հիմնական կարգավորումները:

Հավելենք, որ հասարակակական խորհրդի գործունեությունը հանրությանը ճշգրիտ և մատչելի տեղեկատվություն փոխանցելու կարևոր և շատ արդյունավետ հարթակ է, որի նպատակն է՝ ապահովել բաց և կիրառելի որոշումներ կայացնելուն նպաստող միջավայր, խրախուսել մասնակցային կառավարումը, շահառու խմբերին ներգրավել քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ապահովել հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցություն: