Կադաստրի կոմիտեում էին Enterprise Armenia-ի ներկայացուցիչները
Կադաստրի կոմիտեում կայացավ հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի՝ Enterprise Armenia-ի ներկայացուցիչների հետ:
Ճանաչողական հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի պատասխանատուները` կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և Գեոմատիկայի կենտրոնի պետ Գոհար Հայրապետյանը ներկայացրեցին Կադաստրի կոմիտեի կողմից մշակվող և վարվող բազային տարածական տվյալների շերտերը, ինչպես նաև Ազգային գեոպորտալի հնարավորությունները և այլ կառույցներից ստացվող թեմատիկ տարածական տվյալների շերտերը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերվեց բազային տարածական տվյալների շերտերի նկատմամբ, մասնավորապես՝ կադաստրային քարտեզի, այդ թվում՝ հողերի նպատակային նշանակությունների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տվյալների նկատմամբ։ Նշված տվյալներն առանցքային նշանակություն ունեն ներդրումային տարածքների ուսումնասիրման և ընտրության գործընթացում։
Ներկայացվեց ԱՏՏԵ զարգացման տեսլականը և կատարվող աշխատանքները՝ միտված այլ կառույցների ներգրավմանը և նոր թեմատիկ շերտերի ինտեգրմանը։
Քննարկվեց նաև Enterprise Armenia-ի կողմից ներդրումային տարածքների վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտի ստեղծման և հետագայում Ազգային գեոպորտալում դրա ինտեգրման հեռանկարը։
Հանդիպման ավարտին Կադաստրի կոմիտեի և Enterprise Armenia-ի աշխատակիցները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը՝ անհրաժեշտ տարածական տվյալների շերտերի տրամադրման և դրանց առնչվող տեխնիկական մանրամասների շուրջ տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար։