Հանդիպում-քննարկում LX-KOREA ընկերության ներկայացուցիչների հետ

12.08.2022

 

Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում երրորդ անգամ Հայաստանի Հանրապետություն ժամանած “LX Korea” ընկերության հանդիպում-քննարկումը։

Մասնակցում էին պետական գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Ոստիկանություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Հայփոստ» ՓԲԸ, ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, ԲԷՑ, «Էկենգ» ՓԲԸ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, «Վոլիոս» ՓԲԸ, ԱԶԲ)։

Կորեացի գործընկերները ներկայացրեցին ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ հանդիսացող նոր ազգային գեոպորտալի ստեղծման և ձևավորման ուղղությունները, մանրամասն ներկայացվեց նոր Գեոպորտալի կառուցվածքը, քննարկվեց նաև օգտատերերի լիազորությունների, անվտանգության և որակի ստուգման հարցերը։

Ներկայացվեց նաև տարածական տվյալների ստանդարտների մշակման գործընթացը, կառուցվածքը և բովանդակությունը, դրանց կարևորությունը։

Ստանդարտները մշակվում են միջազգային INSPIRE և ISO հրահանգներին համապատասխան, իսկ մշակման հետ մեկտեղ կարգավորվելու է նաև իրավական դաշտը։

Հանդիպման ընթացքում ներկայացրեցին նաև թեմատիկ կադաստրների ինտեգրման ուղեցույցի նպատակները, որոնք միտված են դյուրացնել տվյալների փոխանակումը Կադաստրի կոմիետի և այլ մարմինների միջև, համակարգել թեմատիկ քարտեզների ինտեգրման համար անհրաժեշտ գործընթացները։

Հանդիպման վերջում «Հարց ու պատախան» ձևաչափով քննարկում եղավ կորեացի գործընկերների և հանդիպման մասնակիցների միջև։

Հարցադրումներ եղան տվյալների կառավարման, գաղտնիության և հասանելիության հետ կապված։ Ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաև իրավական տերմինների, իրավական կարգավորումների առնչությամբ։ Անդրադարձ կատարվեց նոր Գեոպարտալի գործարկման արդյունավետ ձևերին։