Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների  ընդունելություն
Հարգելի՛ քաղաքացիներ,
Կադաստրի կոմիտեում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատված է Կոմիտեի ղեկավարի 24.09.2024թ. N 357-Լ հրամանով:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ԿԱՐԳ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
 
  1. Կադաստրի կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) քաղաքացիների ընդունելությունն (այսուհետ՝ Ընդունելություն) իրականացվում է Կոմիտեի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների, Կոմիտեի ղեկավարի տեղակալների և Կոմիտեի ղեկավարի մոտ:
  2. Ընդունելության մասնակցելու համար կարող են դիմում ներկայացնել այն անձինք, որոնք սահմանված կարգով ունեն Կոմիտեի կենտրոնական ապարատ մուտքագրված դիմում-բողոք կամ պարզաբանման դիմում, որի պատասխանի վերաբերյալ առկա են բարձրացվելիք հարցեր:
  3. Ընդունելությունն իրականացվում է աշխատանքային օրերին՝ աշխատանքային ժամերին:
  4. Ընդունելության ընթացքում յուրաքանչյուր քաղաքացուն հատկացվում է մինչև 20 րոպե ժամանակ:
  5. Ընդունելության ժամանակ Կոմիտեի քարտուղարության աշխատակցի կողմից լրացվում է սույն կարգի N 2 հավելվածով հաստատված Ընդունելության թերթիկը: Ընդունելության ժամանակ բարձրացված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ տեղեկատվությունը Քարտուղարության աշխատակցի կողմից լրացվում է Ընդունելության թերթիկի «Ընդունելության արդյունքը» բաժնում:
  6. Առաջին փուլում Ընդունելությունը կազմակերպվում է դիմում-բողոքի պատասխանը կամ պարզաբանումը տրամադրած ստորաբաժանման ղեկավարի կողմից Ընդունելության դիմումը մուտքագրվելուց հետո  10 աշխատանքային օրվա ընթացքում: Ստորաբաժանման ղեկավարի արձակուրդում գտնվելու ժամանակ Ընդունելությունը կազմակերպվում է ստորաբաժանման ղեկավարի փոխարինողի մոտ:
  7. Քաղաքացիները կարող են ստորաբաժանման ղեկավարի մոտ Ընդունելության դիմում ներկայացնել կենտրոնական ապարատից ստացված դիմում-բողոքի պատասխանը կամ պարզաբանումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում:
  8. Դիմումատուի խնդրանքով կամ պատասխանը (պարզաբանումը) տրամադրած ստորաբաժանման ղեկավարի առաջարկով Ընդունելությանը կարող է մասնակցել այլ մասնագիտական ստորաբաժանման ղեկավար կամ աշխատակից:
  9. Ընդունելության արդյունքով առաջարկված լուծումից դժգոհ լինելու դեպքում դիմումատուն Ընդունելությունից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել նոր դիմում Կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ Ընդունելություն կազմակերպելու համար:
  10. Կոմիտեի ղեկավարի տեղակալի մոտ Ընդունելության արդյունքով առաջարկված լուծումից կրկին դժգոհ լինելու դեպքում դիմումատուն Ընդունելությունից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներակայացնել նոր դիմում Կոմիտեի ղեկավարի մոտ Ընդունելություն կազմակերպելու համար:
  11. Կոմիտեի ղեկավարի և ղեկավարի տեղակալների մոտ ընդունելությունը կարող է կազմակերպվել ընդունելության դիմումը մուտքագրելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  12. Սույն կարգով սահմանված նույն պաշտոնը զբաղեցնող անձանց մոտ միևնույն հարցի վերաբերյալ կարող է կազմակերպվել ընդունելություն առնվազն 12 ամիս հետո՝ միայն նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում:
  13. Կադաստրի կոմիտեում Ընդունելության կազմակերպումը կարող է գրավոր մերժվել հետևյալ դեպքերում.
  • Ընդունելության դիմումով բարձրացված հարցը Կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս է,
  • Ընդունելության դիմումը ներկայացվել է սույն կարգով սահմանված ժամկետների խախտմամբ,
  • քաղաքացին նույն հարցով նույն պաշտոնը զբաղեցնող անձի մոտ մասնակցել է ընդունելության,
  • դիմումատուն սպառնացել, հայհոյանքներ է հնչեցրել կամ գրել կամ բռնություն կիրառել Կոմիտեի աշխատակիցների նկատմամբ,
  • դիմումատուի բարձրացված հարցի վերաբերյալ առկա է դատարանում քննվող գործ կամ դատարանի՝ ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ:
  • Ընդունելության թերթիկ.pdf
    101 KB