Տեղագրական քարտեզագրություն
Տեղագրական քարտեզները իրենց բովանդակությամբ, ձևավորմամբ և մաթեմատիկական հիմքով միասնական մանրակրկիտ աշխարհագրական քարտեզներ են, որոնց վրա պատկերվում են տարբեր օբյեկտներ (տեղանքի բնական և սոցիալ–տնտեսական օբյեկտներ), դրանց յուրահատուկ քանակական ու որակական բնութագրումները, ինչպես նաև տեղաբաշխման առանձնահատկությունները։
Տեղագրական քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձրունքային համակարգերում և կազմվում են տեխնիկական պահանջների և սահմանված տեղեկատվության հիման վրա` միաժամանակ արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում: Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանում տարբեր գերատեսչական (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծմանը:
2009 թվականից սկսվել է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: 2009 թվականին թարմացվել է 1700 կմ2, 2010 թվականին` 3600 կմ2 տարածք, 2011 թվականին` 2750 կմ2 և 2012 թվականին` 2915 կմ2 տարածք: Նշված տարածքների վրա ստեղծվել են նաև օրթոֆոտոնկարներ: 2013 թվականին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմացվել է 2440 կմ2 տարածք: 2014 թվականին թարմացվել են ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 1233.69 կմ2 տարածքների վրա:
Թարմացման աշխատանքներն իրականացվում են 1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով իրականացվում են նույն տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և յուրաքանչյուր տարի իրականացվող տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ, որի արդյունքներով բացահայտվելու և թարմացվելու են տարբեր հանգամանքներով պայմանավորված նկատելի փոփոխություններ կրած տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները:
2014 և 2021 թվականներին իրականացվել են օդալուսանկարահանման աշխատանքներ` 10 սմ թույլատրելիությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար, ինչպես նաև ՀՀ այլ քաղաքների և բնակավայրերի հարակից տարածքների համար` 20 սմ և 30 սմ թույլատրելիությամբ օրթոֆոտոհատակագծերի ստեղծման և օդալուսանկարների խտացման համար պլանաբարձունքային հիմքի ստեղծման աշխատանքներ:
2015 թվականին օդալուսանկարների հիման վրա ավարտվել է Վանաձոր քաղաքի, 2016 թվականին Գյումրի և Սպիտակ քաղաքների, իսկ 2019 թվականին Վաղարշապատ քաղաքի 4328,6 կմ2 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծումը:
2014 և 2021 թվականներին իրականացված օդատիեզերալուսանկարահանումը հիմք է հանդիասանում տեղագրական քարտեզների բազային շերտերի թվայանացման աշխատանքների համար։ Նշված բազային շերտերը հետագայում ներառվելու են Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում։
Նկ․ 1․ Շենք-շինությունների թվայնացում
Նկ․2 Բազային շերտերի թվայնացում՝ համապտասխան ատրիբուտային աղյուսակով