GeoTAK-ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11.05.2023

Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» GeoTAK նախագծի շրջանակներում հայաստանյան 3 առաջատար բուհերում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում,  Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում  իրականացվում է համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր Աշխարհագրական Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում՝ «Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» և «Աշխարհագրություն» մասնագիտություններով:

 Ծրագրին, որը միտված է բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը, անմիջական մասնակցություն  ունեն  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ Կադաստրի կոմիտեն։ Ծրագրի շրջանակներում  կոմիտեի մասնագիտական վարչությունների  ներկայացուցիչները պարբերաբար խորհրդատվական հանդիպումներ և քննարկումներ են ունեցել բուհերում, ներկայացրել ուսումնական պլաններում և դասընթացներում  ներկայացվող առաջնահերթություններն ու  մասնագիտական առաջարկները։

Արդեն իսկ հայտարարված է 2023/2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը:

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել վերոնշյալ բուհերի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժիններ: