Տեղեկատվության տրամադրում

Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հանդիսանում է անշարժ գույքի կադաստրի հիմնական գործառույթներից մեկը: Ինչպիսի՞ տեղեկատվություն կարելի է ստանալ անշարժ գույքի պետական միասնական կադաստրից:
- անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք,
- անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որը ներառում է անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների, հողամասերի, շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի), ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացած որակական և քանակական բնութագրերի (մակերեսի չափը, նպատակային և գործառնական նշանակությունը, հողատեսքը, շինության կառուցման տարեթիվը, մաշվածության աստիճանը և այլն).
- միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
- կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ.
- կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
- տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով և (կամ) թղթային կրիչով.
- գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների (աբցիս, օրդինատ, բարձրություն) վերաբերյալ տեղեկատվություն.
- անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) շրջադարձային կետերի կամ անկյան կոորդինատների (աբսցիս, օրդինատ) վերաբերյալ տեղեկատվություն.
- աշխարհագրական օբյեկտների անվանման վերաբերյալ տեղեկատվություն:
Տեղեկատվության տրամադրման դիմումը պետք է ներառի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով սահմանված տվյալները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության էությունը որոշելու համար անհրաժեշտ տվյալները: Դիմումին կից ներկայացվում է տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը: Գրավոր դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է սպասարկման գրասենյակ: Տեղեկատվության տրամադրման դիմումը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված են տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը: Մասնավորապես`գրանցումն իրականացնող լիազոր մարմինը մերժում է տեղեկատվության տրամադրումը միայն այն դեպքերում, եթե՝
1) տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն.
2) տեղեկատվությունը պարունակում է նույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն:
Միևնույն ժամանակ, գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է կասեցնել տեղեկատվության տրամադրումը` դիմումով տեղեկատվության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելու պատճառով:
Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմումները կարող են ներկայացվել նաև առցանց` www.e-cadastre.am կայքէջի միջոցով: Այդ նպատակով պետք է նախ գրանցվել www.e-cadastre.am կայքէջում` լրացնելով այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը: Վերջինս լրացնելուց հետո դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից կուղարկվի գրանցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ հղումը, որի միջոցով գրանցվողը կակտիվացնի իր գրանցումը: Տեղեկատվության տրամադրման ծառայության համար վճարի մուծումը կարելի է իրականացնել ինչպես www.e-payments.am պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, այնպես էլ ARCA էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:
Էլեկտրոնային կադաստրային քարտեզի տրամադրում
Գրանցվելով www.e-cadastre.am կայքէջում այսուհետ Դուք կարող եք առցանց պատվիրել Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի կադաստրային քարտեզի հատվածը: Անհրաժեշտ տարածքի (քարտեզի հատվածի) ընտրությունը կատարվում է կայքէջում տեղադրված կադաստրային քարտեզների վրա համապատասխան տարածքը նշելու միջոցով, որից հետո մուծելով տեղեկատվության տրամադրման վճարը, դիմողը հնարավորություն է ստանում կայքէջից ներբեռնել պատվիրված էլեկտրոնային քարտեզը: