Կադաստրային գնահատում
Անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ։ Այս համատեքստում իրականացվել է ՀՀ ամբողջ տարածքի միասնական տարածագնահատման նոր գոտիավորում: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են տարածագնահատման նոր գոտիների նկարագրերը, մեկից ավելի գոտիներում ընդգրկված համայնքների ու բնակավայրերի գոտիավորման քարտեզները, ինչպես նաև գոտիավորման սահմանների կոորդինատները։
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման նոր կարգերը։
ՀՀ հարկային օրենսգրքով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են սահմանվել հողամասերը և (կամ) դրա բարելավումները, իսկ ըստ հարկվող օբյեկտի տեսակի՝ սահմանվել են անշարժ գույքի հարկման նոր դրույքաչափերը: Նույն օրենսգրքով սահմանվել է նաև ամբողջական հարկման անցումային ժամանակաշրջան, համաձայն որի՝ անշարժ գույքի ամբողջական հարկման անցումը կատարվելու է 2026 թվականին, իսկ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թվականների համար անշարժ գույքի հարկը հաշվարկվելու է համապատասխանաբար 25, 30, 35, 50 և 75 տոկոս չափերով։
Հասարակության լայն զանգվածներին անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքների և համապատասխան հարկի չափերի վերաբերյալ իրազեկելու նպատակով Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքում գործում է «Անշարժ գույքի հարկի հաշվիչ» գործիքակազմը: Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարի կամ անշարժ գույքի կադաստրային ծածկագրի մուտքագրման միջոցով հնարավոր է տեղեկանալ համապատասխան անշարժ գույքի կադաստրային արժեքի և 2021, 2022, 2023, 2024, 2025 և 2026 թվականների հարկի չափերի վերաբերյալ։