Գրանցում
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումն ընդգրկում է`
1) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը,
2) անշարժ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավունքների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:
Պետական գրանցումն իրականացնում են անշարժ գույքի ռեգիստրները, որոնց ցանկը հաստատում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) կամ առցանց՝ www.e-cadastre.am կայքի միջոցով։ Առցանց ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի իսկությունը հաստատվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ։
Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացրած անձինք:
Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և անշարժ գույքի ռեգիստրի կողմից հաստատվելու պահից:
Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
2019 թվականի հուլիսի 1-ից տրամադրվում է նոր նմուշի վկայական, որի իսկությունը և վավերականությունը կարող են ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով՝ «Փաստաթղթերի դիտում» դաշտում լրացնելով վկայականի համարը և գաղտնաբառը:
Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
վճարները և ժամկետները
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար մատուցվող ծառայությունը վճարովի է, այն է՝ գանձվում է պետական գրանցման ծառայության վճար և պետական տուրքի վճար՝ բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող, մինչև 1998 թվականի մարտի 1-ը ձեռք բերված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքները վերականգնված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար, սակայն սահմանված արտոնությունները չեն տարածվում արագացված կարգով իրավունքների պետական գրանցման վրա:
Իրավունքների պետական գրանցման վճարները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165078 ) ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով, իսկ պետական տուրքը սահմանված է «Պետական տուրքի մասին» ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166869 )ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով:
Իրավունքների պետական գրանցման ժամկետները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով՝ սկսված դիմումի ներկայացման օրվանից:
Իրավունքների առաջին պետական գրանցումն իրականացվում է անվճար (ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին)
Անշարժ գույքի հասցեների գրանցումը
Հասցեների գրանցման համար հիմք են հանդիսանում անշարժ գույքին հասցե տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի (համայնքների ղեկավարներ) կողմից կայացված որոշումները, ինչպես նաև ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ որոշումները:
Անշարժ գույքի հասցեի գրանցումը կատարվում է անվճար:
Անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկությունները, գրանցման ժամկետները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: